Jump to content

Զանգվածային անկարգություններ Դուշանբեում (1990)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուշանբեի հակամարտություն, Տաջիկստանի ԽՍՀ մայրաքաղաք Դուշանբեում 1990 թվականի փետրվարին միջէթնիկական հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգություններ, որոնք հանդիսացան 2 տարի անց սկսված Տաջիկստանի քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկը։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշանբեի հակամարտության սկսման խթան է հանդիսացել Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայերի ջարդերը։ 39 անձից բաղկացած մի քանի հայկական ընտանիք ջարդերից խուսափելու նպատակով Բաքվից փախչում է դեպի Դուշամբե, որպեսզի հյուրընկալվեն իրենց հարազատների մոտ։ Սակայն շուտով քաղաքում տարածվում են հրահրիչ տեղեկություններ, թե իբր Ադրբեջանական ԽՍՀ-ից 2500-5000 հայ փախստականներ տեղափոխվել են Դուշանբե, որոնց նորակառույց «Զերավշան» թաղամասում տրվել են բնակարաններ[1] այն դեպքում, երբ մայրաքաղաքում առկա էր բնակֆոնդի պակասորդ[2][3]։ Իրականությունը, սակայն, այն էր, որ 39 հայերին բնակարան չէր տրամադրվել, և նույնիսկ նման հարց չէր էլ քննարկվել իշխանությունների կողմից[4]։

Իրադարձությունների ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ լուրերի տարածումից հետո փետրվարի 11-ին Տաջիկստանի ԽՍՀ-ի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի շենքի դիմաց հավաքվում են ավելի քան 4000 մարդ։ Դուշանբե ժամանած մի քանի հայ փախստականների ընտանիքները, հայտարարելով, որ չեն ցանկանում դառնալ հակամարտության պատճառ, հեռանում են հանրապետությունից[4]։ Արդեն հաջորդ օրը «Հեռացե՛ք հայեր» վանկարկումները փոխարինվեցին «Հեռացի՛ր Մահկամով» բացականչություններով, որից հետո ցուցարարները ներխուժեցին կենտրոնական կոմիտեի շենք և այրեցին։ Ի պատասխան ոստիկանության կողմից ռետինե փամփուշտներով կրակահերթերի՝ երեկոյան ցուցարարները սկսեցին այրել խանութներն ու առևտրի տաղավարները[5]։

Փետրվարից 13-ից սկսած դադարեցվեց Դուշանբեի քաղաքային, միջքաղաքային և երկաթուղային տրանսպորտի աշխատանքը, փակվեցին ԲՈՒՀ–երը, դպրոցներն ու մանկապարտեզները, փոստային բաժանմունքները, բոլոր տեսակի խանութներն ու արտադրական օբյեկտները, բանկերը, անջատվեց հեռախոսային կապը, դադարեցին թերթերի տպագրությունը[6]։ Քաղաքի բնակչությունը, իշխանությունների կողմից չստանալով որևէ օգնություն և մնալով մենակ կողոպտիչների ու ջարդարարների դեմ, իրենց և իրենց ընտանիքները փրկելու համար սկսեցին ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ։ Ինքնապաշտպանական ջոկատները ջարդարարներից պաշտպանում էին իրենց շենքերի, թաղամասերի մուտքերը[7]։

Անկարգությունները դադարեցնելու նպատակով իշխանությունները ստիպված եղան քաղաք մտցնել բանակի և ներքին գործերի 5000 զինծառայող, որոնց տրվեց անհրաժեշտության դեպքում կրակել ինքնաձիգից։ Հայտարարվեց պարետային ժամ։

Անկարգությունների հետևանքով սպանվեց 25 և վիրավորվեց 565 մարդ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «И. Дубовицкая: Горячий февраль 1990 года в Душанбе». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  2. Владимир Мукомель «Демографические последствия этнических и региональных конфликтов в постсоветском пространстве»
  3. «ДИКОЕ ПОЛЕ» № 6, 2004 Н. Ольховая, Р. Искандерова, А. Балашов и др. «Распад империи: Душанбе» События 90-го года в Душанбе спровоцировал приезд армянских беженцев после погромов в Баку…
  4. 4,0 4,1 4,2 Экс-президент Таджикистана о роли КГБ и армянских беженцев из Спитака в беспорядках в Душанбе 1990 года.
  5. Война и мир в современном Таджикистане.
  6. ««Вятский наблюдатель» Номер 5 за январь 1999 г.». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  7. «Душанбе-1990: русский взгляд». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.